Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին, մեր բոլորիս սիրտը դարձած հայրենի երկրին

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին, մեր բոլորիս սիրտը դարձած հայրենի երկրին
25.09.2023 | 11:36

Մարտակերտի շրջանի բնակչությունը տարհանված է, հայկական Մարտակերտը` Աղդարա է դարձել` ադրբեջանական դրոշով։

Երևի «թափոր» բառի գործածությունն ավելի ճիշտ կլինի, որ գրեմ, թե «թափորը սգավորների» դեպի որտեղ էր շարժվում կեսգիշերին։

Տարհանված մարտակերտցիներ, որոնք շարժվում են դեպի Հակարիի կամուրջ` անցնելու ադրբեջանական անցակետով դեպի Գորիս, որտեղ կհաշվառվեն, թե որտեղ տեղավորվեն։

Ժամեր հետո մենք էլ կբռնենք գաղթի ճանապարհը` հայացքներս դեպի հետ` դեպի խավարով պատված Մարտակերտը։

..92-ին նույնպես Մարտակերտը թողեցինք, հեռացանք օտար ափեր։ Վերադարձանք քաղաքի գերությունից ազատվելուց հետո, նորից օջախ դրինք, նորից տուն դարձանք։

Այս անգամ հույսի նշուլ չկա, երբ քարտեզից վերացնում են Արցախը, բայց մեր սրտում այն կմնա հավետ, որ դարձավ ոսկոր շահամոլ աշխարհի կոկորդում։

Խայտաբղետ են մեր մասին զրույցները` տանեն արցախցիներին Սյունիքում տեղավորեն, որ շուտով այնտեղ էլ պատերազմ է լինելու...

Մեկ այլ տեղ այլ զրույց է ընթանում` Ռուսաստան գնացող արցախցիներին կարելի է տանել ՈՒկրաինա, որ ուկրաինացիների դեմ կռվեն։

Դարերի ընթացքում նման ձեռագիր ունեցել են պարսից Հազկերտ արքան, Շապուհը, երբ իրենց թշնամիների դեմ կռվել են, պատերազմի դաշտ են ուղարկել գերի հայերին, ովքեր էլ զոհվելու լինեին, իրենց թշնամի ազգից կլինեին։

Չհամարձակվեն արցախցիներին դարձնել խամաճիկ ու ձեռնոց նետել նրանց, երբ պատերազմների բովով անցած տղաներն էլ ապրել են ուզում խաղաղ երկնքի տակ։

Շուտով կմիանանք տարհանվածներին` դեպի Հայաստան տանող ճանապարհով։

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին, մեր բոլորիս սիրտը դարձած հայրենի երկրին, որտեղ անցել են մեր կյանքի տարիները։ Գիտեմ` որտեղ էլ լինենք, ձոներ կերգվեն Արցախի մասին, թեպետ անունը ջնջած լինեն աշխարհի քարտեզից։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2915

Մեկնաբանություններ